Գագիկ Աղբալյան․ «Շատ կարևոր է, որ մարզադաշտ գնանք հաղթանակի սպասումով»

PROFFOOTBALL-ը զրուցել է ԲԿՄԱ-ի նախագահ Գագիկ Աղբալյանի հետ` ԲԿՄԱ-ի և EURO-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր շանսերի մասին․

– Պարոն Աղբալյան, ԲԿՄԱ-ն այս պահին վերջին հորիզոնականում է։ Նախորդ տարվա համեմատ թիմը զգալիորեն աճել է, սակայն խաղային առումով ի՞նչն է պակասում թիմին այս տարի։
– Կարծում եմ, որ խաղային առումով նախորդ տարվա համեմատ ԲԿՄԱ-ն զգալիորեն լավն է դարձել, քանի որ նախորդ մրցաշրջանը շատ ֆուտբոլիստների համար առաջին փորձն էր Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ Մեր ֆուտբոլիստները բավականին մրցակցային են հայկական մյուս ակումբների համար։

Կուզեմ ասել, որ թիմը փոփոխություններ է ունենում, և մեր ակումբը այլ խնդիր է լուծում մյուս ակումբների համեմատ։ Օրինակ՝ Արթուր Սերոբյանը վերադարձավ իր թիմ՝ «Արարատ-Արմենիա», իսկ մենք առանձնապես համալրումներ չունեցանք։ Այսինքն՝ մենք հիմնականում խաղում ենք այն ֆուտբոլիստներով, որոնց ունենք մեր տրամադրության տակ։ Սակայն, ես կարծում եմ, որ ԲԿՄԱ-ն գարնանային հատվածում իր խաղով ապացուցում է, որ շատ ուժեղ ու մրցակցային թիմ է, վերջին խաղերը դրա ապացույցն են։ Որակի առումով թիմը բավականին աճել է։ 

Պետք է ասեմ նաև, որ վերջին տեղը ԲԿՄԱ-ի համար այդքան էլ օրինաչափ չէ։ Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, և ես վստահ եմ, որ ԲԿՄԱ-ն բարձրանալու է մրցաշարային աղյուսակում, սակայն, կա մի բան, որը չենք կարող աչքաթող անել։ Մեր պահեստային նստարանը բավականին երիտասարդ է։ Պահեստային են լինում 2003 թվականին ծնված ֆուտբոլիստներից մինչև 2005 թվականին ծնված ֆուտբոլիստներ։ Նրանք հիմնականում Հայաստանի Պրեմիեր Լիգայի փորձ չունեն։

– Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է ԲԿՄԱ։ Կարո՞ղ էր նա տեղափոխվել այլ ակումբ, թե՞ ճիշտ էր այս պահին ԲԿՄԱ վերդառանալը։
– Ստյոպան ազգային հավաքական հրավիրվեց ԲԿՄԱ-ից, ինչը անձամբ ինքն էլ բազմիցս նշել է, որ ԲԿՄԱ-ն օգնել է նրան այդ հարցում։ Ռաֆայել Նազարյանը կարողացել է անգնահատելի գիտելիք տալ ֆուտբոլիստներին, նրանց մոտիվացնել, տրամադրել դեպի լավ արդյունքներ։ Ստյոպան վնասվածքով վերադարձավ, բայց արդեն մարզվում է։ Նա ամենատաղանդավոր հայ ֆուտբոլիստներից է, ազգային հավաքականին շատ պիտանի ֆուտբոլիստ։ Մաղթում եմ նրան՝ մրցաշրջանի հետագա հատվածում վնասվածքներ չստանա և օգնի հավաքականին ու ԲԿՄԱ-ին հաղթանակներ ունենալ։ 

– ԲԿՄԱ-ից ազգային հավաքական հրավիրվել է դարպասապահ Արման Ներսեսյանը։ Ըստ Ձեզ՝ կայի՞ն այլ ֆուտբոլիստներ, ովքեր ԲԿՄԱ-ից կարող էին հրավիրվել այս հավաքին։
– Կարծում եմ, որ այս մասին խոսել այն դեպքում, երբ մարզիչն արդեն ընտրել է հայտացուցակը, ճիշտ չէ։ Իհարկե, կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց տաղանդով, խաղային որակներով, մեր մարզչական շտաբի կարծիքով նաև իմ սուբյեկտիվ կարծիքով, այո՛, կարող էին և մոտ ապագայում կարող են համալրել Հայաստանի ազգային հավաքականը։ Սա մշտական պրոցես է, բոլորը հնարավորություն ունեն հրավիրվելու։ Կգա մեր ֆուտբոլիստների՝ ազգային հավաքական հրավիրվելու օրը, ու հենց սա է ԲԿՄԱ-ի առաքելությունը։ Ես ուրախ եմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ֆուտբոլիստներ, ովքեր ԲԿՄԱ-ից են խաղամակարդակ ձեռք բերել։ Օրինակ, «Ուրարտուից» ֆուտբոլիստներ կան, ովքեր իրենց մշտական տեղն արդեն ունեն ազգային հավաքականում։ Լավ է, որ նրանք մասն են կազմում ազգային հավաքականի։ 

– Ինչպե՞ս եք գնահատում Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր շանսերը։
– Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Մենք լավ հավաքական ունենք և նոր ֆուտբոլիստները ևս կուժեղացնեն մեր հավաքականը։ Կարևոր է, որ մեր ունեցած ուժը, ռեսուրսը ուղղենք մի պայմաններում, որտեղ մենք՝ որպես ֆուտբոլային ընտանիք, ազգ ու ժողովուրդ, միասնական ենք և այս օրերին շատ աջակցենք մեր հավաքականին՝ թե՛ մարզադաշտում մեր ներկայությամբ, թե՛ քննարկումներով։ Աջակցենք տղաներին, քանի որ ցանկացած աջակցում օգնում է՝ հաղթանակի հասնելու համար։

Կարծում եմ, որ արժանի արդյունքներ ենք գրանցելու։ Ամեն դեպքում մենք պետք է գնանք առաջ՝ գիտակցելով, որ մենք արել ենք ամեն ինչ՝ առաջին հերթին մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում զարգացնելու համար։ Կարևոր է, որ մենք՝ որպես համակարգ, քայլ առաջ կատարենք, իսկ դրա համար ֆեդերացիան անում է բազում քայլեր։

Հաղթանակն ու պարտությունը անբաժանելի են։ Շատ կարևոր է, որ մարզադաշտ գնանք հաղթանակի սպասումով։ Մեր հավաքականն իր նախորդ խաղերում այդ ակնկալիքը տվել է։ Պետք է աջակցել այս պահին ֆեդերացիային, մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին։