Արմեն Մոբեր Սուքիասյան․ «Սա կռիվ է պատվի համար»

PROFFOOTBALL-ը զրուցել է մարքեթինգի փորձագետ, պրոդյուսեր Արմեն Մոբեր Սուքիասյանի հետ։

– Արմեն, սիրո՞ւմ եք ֆուտբոլ, եթե այո, մարզադաշտի՞ց եք հիմնականում դիտում, թե՞ նախընտրում եք հեռուստացույցով դիտել։
– Իհարկե, սիրում եմ, հիմնականում նախընտրում եմ դիտել ընկերներիս ու հայրիկիս հետ տանը գարեջրերի ուղեկցությամբ։

– Ներկա լինելո՞ւ եք Հայաստան – Թուրքիա խաղին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
– Այս խաղի տոմս չհասցրինք ձեռք բերել, հուսամ՝ մարզադաշտում մեր երկրպագելու բացը չի զգացվի, քանի որ ներկաները խելահեղ ու բեկումնային խաղի են ականատես լինելու, իսկ մենք մոտ 15-20 հոգով դիտելու ենք իմ տանը մեծ էկրանով։

– Շատերը մեկը մյուսին խոստանում են նվեր տալ, եթե մեր ընտրանին հաղթի Թուրքիային։ Դուք խոստացե՞լ եք նվեր ինչ-որ մեկին կամ Ձեզ խոստացե՞լ են։
– Իսկ հնարավո՞ր է ավելի մեծ նվեր, քան մեր տղաների փառահեղ հաղթանակը։

– Ի՞նչ հաշիվ եք կանխատեսում այդ խաղում, ովքե՞ր գոլի հեղինակ կդառնան կամ կխփվե՞ն գոլեր։
– Հուսամ՝ Սպերցյանի վնասվածքը չի խանգարի գոլ «հյուրասիրել» թուրքերին, իսկ 70-րդ րոպեից հետո Բիչախչյանը վերջակետ կդնի հանդիպմանը, և 2:0։ Կգնանք հրապարակ՝ նշելու։

– Ի՞նչ ոգևորող խոսքեր կուզեք ասել մեր թիմի տղաներին։
– Նախ, եկել է ռևանշի ժամանակը, երկրորդ, այս խաղը առավել քան պետք է Հայաստանի բոլոր բնակիչներին` հայերին և Հայաստանի հյուրերին, այս հաղթանակը միայն ֆուտբոլային հաղթանակ չէ, սա կռիվ է «թասիբի» ու պատվի համար։