Անպարտելի Դորտմունդի «Բորուսիան» լավագույններից է Եվրոպայում․ Ինչպե՞ս և ինչո՞ւ

Սեզոնի անհաջող մեկնարկից հետո Էդին Թերզիչը Դորտմունդի «Բորուսիային» վերադարձրեց 2022-23 թվականների Բունդեսլիգայի չեմպիոնական մրցավազքի մեջ: Էդին Թերզիչի թիմը 2023 թվականին միայն հաղթանակներ է տոնել, սակայն շատերը նրանց դեռ ֆավորիտ չեն համարում։ 

Ինչպե՞ս է կարողանում Դորտմունդի «Բորուսիան» մնալ անպարտելի և միևնույն ժամանակ փայլուն ֆուտբոլ ցուցադրել։

Դորտմունդի «Բորուսիան» հիմնականում գործում է 4-2-3-1 սխեմայով, չնայած որ ֆուտբոլիստների նման մեծ բազամազանություն ունենալը ճկուն է դարձնում սխեմայի ընտրությունը։ Նախևառաջ Էդին Թերզիչը կարողացավ Մարկո Ռոյսին, Ջուդ Բելինգհեմին և Յուլիան Բրանդտին կարողանալ տեղավորել մեկ սխեմայի մեջ, քանի որ երեքն էլ հրաշալի կարողանում են խաղալ 10 համարի դիրքում։ Բայց առավել կարևոր է, թե ինչպես Թերզիչը կարողացավ հնարավորություն տալ Բելինգհեմին ավելի ազատ գործել ամբողջ դաշտի երկայնքով։ Թուրք Սալիհ Օզկանի ներկայությունը խաղադաշտում թույլ է տալիս, որ Բելինգհեմը ավելի առջևից խաղա և ավելի սրող գործողությունների մասնակցի։ 

Կարիմ Ադեյեմին, ճիշտ է, վնասվածք ունի այժմ, սակայն նրա դերը այսօրվա թիմում կենսական է։ Չմոռանանք, որ նա իր վերջին 3 խաղերում նույնքան գոլ է խփել։ Հարկ է նշել նաև այն փաստը, որ Ադեյեմին ամենամեծ արագությունն է զարգացրել 2023 թվականին, որը դեռևս լավագույնն է այս պահին Բունդեսլիգայում (38.7կմ/ժ)։ 

Դորտմունդի «Բորուսիայի» հաջողության բանալիներից մեկը դարպասապահի մեջ է։ Գրեգոր Կոբելը այս մրցաշրջանի խաղերի 44%-ում անառիկ է պահել դարպասը։ 

Թիմի հիմնական հարձակման գործիքը 3+1-ն է։ Այսինքն, «Բորուսիան» իր հիմնական հարձակման ֆուտբոլիստներով տեղակայվում է մրցակցի կենտրոնական պաշտպանների արանքում։ 3+1-ը վերափոխվում է՝ դառնալով 6։ Այսինքն, եզրային պաշտպանների բարձր դիրք գրավելը շահեկան իրավիճակ է ստեղծում Էդին Թերզիչի թիմի համար։ 

Այս պարագայում Ռոյսը, Բրանդտն ու Բելիգհեմը հիմնականում գնդակ պահանջողներն են և ամեն պահի կարող են ուզել գնդակը, քանի որ միշտ շարժի մեջ են պահում եզրային պաշտպանները մրցակցի թե՛ կենտրոնական, թե՛ եզրային պաշտպաններին։ 

Երկար տարիներ է, ինչ «Բորուսիայի» մարզիչները պահպանում են այս գործիքը, այն է, թե հասնելով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ՝ արագ ու մեկ հպումով կոմբինացիաներ են ստեղծում հենց դաշտի կենտրոնում։ Սա մեծապես կախված է Ռոյսի ու Բրանդտի ճկունությունից։ 

Հակագրոհների ժամանակ «Բորուսիան» հիմնականում նույն գործիքն է կիրառում, սակայն մի քանի տարբերություններով։ Բելինգհեմը առաջին գնդակ ստացողի դերում է լինում, իսկ Ռոյսն ու Բրանդտը այդ հակագրոհի հիմնական դիրիժորներն են, իսկ կենտրոնական հարձակվողը շատ ավելի հաճախ ֆուտբոլիստ «փախցնողի» դերում է լինում, որպեսզի խզվածք առաջացնի մրցակցի կենտրոնական պաշտպանների շարքում։ 

Պաշտպանվելիս Էդին Թերզիչի թիմը ևս հետաքրքիր մոտեցումներ ունի։ Նրանք մրցակցին դիմավորում են հիմնականում 4-2-3-1 սխեմայով, իսկ եթե խաղադաշտից բացակայում է ընդգծված 10 համարը, պաշտպանվում են 4-1-4-1 սխեմայով։ Օզկանն ու Բելինգհեմը ավելի առաջ են շարժվում և թիկունքում թողնում են Էմրե Ջանին կամ մեկ այլ հենակետայինի, ով այդ պահին խաղադաշտում է։ Սակայն, դիրքային պաշտպանությունը եթե որոշ չափով արդյունավետ է, ապա հակագրոհների ժամանակ թիմը չի կարողանում հստակ պաշտպանվել։

Ռաֆայել Գերեյրոն շատ է հարձակմանը միանում, իսկ սա հնարավորություն էր տալիս մրցակցին ավելի շատ այդ եզրով հակագրոհել։ Մատս Հյումելսը, ով արդեն քիչ է խաղում, դանդաղ է պաշտպանության անցնելիս, սակայն այս խնդիրը որոշ չափով լուծվեց, երբ Շլոտերբեկն ու Օզկանը միացան թիմին։ 

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպանության կենտրոնը, սակայն, շատ ավելի հզոր է այս տարի։ Նիկլաս Սյուլեի ու Նիկո Շլոտերբեկի հետ Էդին Թերզիչը անվտանգ է իրեն զգում։ Մեկ փաստ, որը խոսում է նրանց լավ խաղի մասին այն է, որ նրանք հաղթել են բարձրից կատարված փոխանցումների 53%-ը։

Դորտմունդի «Բորուսիան» այժմ հրաշալի մրցաշրջան է անցկացնում։ Դժվար է ասել, թե մինչև ուր կհասնեն նրանք, սակայն նրանք արժանի են լավագույնին։ Այս պահին դորտմունդյան թիմը վաստակած 49 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակը մյունխենյան գրանդի հետ։