Չավի. «Ինչպե՞ս 11 մետրանոց չնշանակվեց»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը (2:2)։

«Կարծում եմ՝ սա Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։Նրանք մեկ ամբողջություն էին։ Մենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ արել ենք։ Սովորաբար, «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցները եվրոպական մրցաշարերում հոգեբանական փոսի մեջ են ընկնում, երբ այս թիմն առաջ է անցնում, բայց մենք լավ արձագանքեցինք: Ես հպարտ եմ «Բարսելոնայով»։

Ակնկալում եմ, որ «Օլդ Թրաֆորդում» հանդիպումը շատ լարված կլինի: Մենք ունակ ենք հաղթելու, ինչպես կարողացանք դա անել այսօր։ Մենք դուրս կգանք, կպայքարենք և կտեսնենք, թե ինչ կլինի: Սա շատ ուժեղ մրցակից է, լավագույններից մեկը Եվրոպայում։

Երբեմն մեզ պակասում էր հոգեբանական հանգստությունը։ Մրցակիցը շատ լավ է անցնում պաշտպանությունից գրոհի, մենք ցանկանում էինք կանխել հակագրոհները, բայց երբեմն դա մեզ չէր հաջողվում։ Ես հարգում եմ Տեն Հագի կարծիքը, բայց կարծում եմ, որ մենք նույնպես շատ բան ենք ստեղծել և, կարծում եմ, կարող ենք հաղթել։ Կարող էինք նաև շատ գոլեր խփել։ Մենք լավ խաղացինք պաշտպանությունում։ Այն, որ 11 մետրանոցը (Ֆրեդի ձեռքի գնդակից հետո) պետք է նշանակվեր, պարզ է: Ինչպե՞ս կարող էր դա չկատարվել:

Չեմպիոնների լիգայում Միլանում մեր օգտին 11 մետրանոց չնշանակեցին, այսօր էլ 11 մետրանոց չնշանակեցին։ Ինձ համար զարմանալի է, որ մրցավարները վերանայեցին պահն ու որոշեցին 11 մետրանոց չնշանակել»,- ասել է Չավին։

Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ Մաուրիցիո Մարիանիի գլխավորությամբ։