«Ռոմայի» մարզական տնօրենը խոսել է Նիկոլո Ձանիոլոյի ապագայի մասին

«Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հաստատել է, որ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ցանկանում է հեռանալ ակումբից:

«Ձանիոլոն ցանկանում է հեռանալ թիմից, դա ճիշտ է: Մենք համաձայնության ենք եկել «Բորնմուտի» հետ, սակայն խաղացողը հրաժարվել է տեղափոխվել։

Իրավիճակը մեզ համար իսկապես բարդ է։ Մնացած 48 ժամում կփորձենք լուծում գտնել»,- Տիագու Պինտուի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ա Սերիայի գործող չեմպիոն «Միլանը»:

23-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի հուլիսից է խաղում «Ռոմայում»: Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն հռոմեական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: