Դանի Ալվեսի մեղավորությունն ապացուցող փաստեր են հայտաբերվել

Ոստիկանությունը կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի մեղավորության ապացույցներ է գտել դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու գործում, հայտնում է El Periodico-ն:

Իրավապահ մարմնի ներկայացուցիչները առգրավված տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո գրի են առել ենթադրյալ հանցագործությունից հետո կնոջ առաջին բառերը, որը հայտնել է, որ Ալվեսն իրեն բռնաբարել է:

Կադրերում կարելի է նկատել «արտասվող և նյարդային կնոջ»: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց և դատաբժշկական փորձաքննության ենթարկել: Տուժողի մոտ հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք առաջացել են ֆուտբոլիստին դիմադրելիս:

Փորձագետները նաև մատնահետքեր են գտել, որոնք հավաստում են տուժող կողմի տարբերակն ու հակասում են Ալվեսի պատմածին:

Ավելի վաղ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հաստատել էր, որ այդ օրը եղել է տվյալ գիշերային ակումբում, սակայն չէր ընդունել առաջադրված մեղադրանքը:

Բրազիլիայի հավաքականի պաշտպանին սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: