Կազանը կզրկվի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն անցկացնելու իրավունքից

Հունվարի 25-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) Գործադիր կոմիտեի նիստում Ռուսաստանի Կազան քաղաքը կզրկվի 2023թ․ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն անցկացնելու իրավունքից, հայտնում է Sky News-ը։

2020 թվականի մարտին Կազանի «Ակ Բարս արենան» իրավունք էր ստացել անցկացնել Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի 2022/23 խաղարկության հաղթողների միջև հանդիպումը։

Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով ՈւԵՖԱ-ն այլ երկիր կընտրի Սուպերգավաթի անցկացման համար, հանդիպումը կկայանա 2023-ի օգոստոսին։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքից տեղափոխվել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։