«Միլանի» առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Պորտուգալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հնարավորություն ունի կարիերան շարունակել եվրոպական մեկ այլ թոփ-ակումբում։

Ինչպես հաղորդում է Goal-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Գերմանական գրանդը ցանկանում է պայմանագիր կնքել Լեաուի հետ՝ փոխարինելու ֆրանսիացի վինգեր Կինսլի Կոմանին, ով մոտ ապագայում հնարավոր է հեռանա թիմից։

Ռաֆայել Լեաուի տեղափոխությանը Մյունխեն կարող է նպաստել այն, որ նա դեռ նոր պայմանագիր չի կնքել «ռոսոներիների» հետ։

Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։