Արազ Օզբիլիսը պայմանագիր կնքեց երևանյան ակումբի հետ

Հայաստանի հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը կարիերան կշարունակի Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա կիսապաշտպանն այս ձմռանն էր հեռացել Երևանի «Փյունիկից», որին միացել էր 2019 թվականի ամռանը։ «Փյունիկի» կազմում նա մասնակցել է 31 պաշտոնական խաղի ու դարձել 7 գոլի հեղինակ։

Արազ Օզբիլիսը 2012 թվականին է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը խաղացել է նաև Ամստերդամի «Այաքսում», ռուսական «Կուբանում» ու «Սպարտակում», Ստամբուլի «Բեշիկթաշում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում», մոլդովական «Շերիֆում» ու հոլանդական «Վիլհեմ II»-ում։