Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պաշտոնական ալիքին ներկայացրել է Հայաստանը (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, առաջատար Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» պաշտոնական ալիքին ներկայացրել է իր երկիրը՝ Հայաստանը:

«Եթե չեմ սխալվում, շատ թե քիչ նման է»,- ասել է 33-ամյա կիսապաշտպանը՝ թղթի վրա նկարելով Հայաստանի քարտեզը:

Հայաստանի քարտեզը նկարելուց հետո Մխիթարյանը դրա վրա նշել է մայրաքաղաք Երևանի գտնվելու վայրը: «Գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանը, երբ եղանակը տաք է: Փողոցներում շատ մարդիկ կան, որոնք հիանալի ժամանակ են անցկացնում: Ցանկանում եմ կարիերաս ավարտելուց հետո վերադառնալ այնտեղ, բայց հիմա ես այստեղ եմ՝ Միլանում»,- ասել է Մխիթարյանը Երևանը ներկայացնելիս:

Կարիերայի մեկնարկի մասին խոսելիս Մխիթարյանն ասել է. «Երբ մեծացա, սկսեցի Ֆրանսիայում. հայրս այնտեղ էր ֆուտբոլ խաղում: Նա է ինձ ոգեշնչել, որ սկսեմ ֆուտբոլ խաղալ: Ավելի լուրջ սկսեցի մարզվել, երբ վերադարձա Հայաստան: Այնտեղ ես սկսեցի մարզվել ինչպես հարկն է»:

Խոսելով հոր՝ Համլետ Մխիթարյանի խաղային դիրքի մասին՝ Մխիթարյանն ասել է. «Հարձակվող էր, խաղում էր հարձակվողների թիկունքում, բայց նրա համար բնականը «9 համարի» դիրքն էր:

Սիրելի հայ ֆուտբոլիստը

«Առաջինը կնշեմ հորս անունը: Հայրս առաջինն է. նա իսկապես կուռք է եղել ինձ համար: Ես նրա խաղը երբեք կենդանի չեմ տեսել, միայն տեսանյութերով: Ես շատ երիտասարդ էի, որ կարողանայի նրա խաղին տեղում հետևել: Երբ նա դեռ խաղում էր, ես ֆուտբոլից ոչ մի բան չգիտեի: Բայց ինձ ասել են, որ նա թոփ մակարդակի խաղացող է եղել»:

Հայաստանի հավաքականում խաղալիս ունեցած զգացողությունները

«Միանշանակ, Հայաստանում եմ անցկացրել այն ֆուտբոլային տարիները, որոնք ձևավորել են ինձ: Պատիվ էին Հայաստանի համար խաղալն ու ազգային թիմը ներկայացնելը: Իմ ուժերի առավելագույն ներդրումով եմ խաղացել ազգային հավաքականում՝ փորձելով հաղթել խաղերում ու ձեռք բերել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ուղեգիր: Ինձ չի հաջողվել այդ արդյունքին հասնել, բայց ես արել եմ այն, ինչ կարող էի այնքան ժամանակ, մինչև ավարտեցի միջազգային կարիերաս: Տխուր եմ դրա համար, բայց որոշումը ես եմ կայացրել»:

Հայաստանում ամենամասսայական  մարզաձևը

«Իսկապես մարդիկ այնքան էլ չեն հետևում այնտեղի առաջնությանը, բայց ստադիոնները լեփ-լեցուն են, երբ խաղում է ազգային հավաքականը: Այլ մարզաձևերում մենք ավելի լավն ենք: Հրաշալի ենք ըմբշամարտում, բռնցքամարտում: Շատ ավելի լավն ենք անհատական մարզաձևերում, քան թիմային»:

Հայաստանի ուտելիքը

«Հայկական խորովածը, որը տարբերվում է մյուս բոլոր տեղերից: Ուտելիքը հրաշալի է, ու ոչ միայն խորովածը, նաև մրգերն ու բանջարեղենը»:

Վայրեր, որտեղ Մխիթարյանը խորհուրդ է տալիս այցելել Հայաստանում

«Հայաստանում շատ վայրեր կան տեսնելու. գեղեցիկ երկիր է: Երկրի պատմությունը շատ հին ու պատմություններով լեցուն է: Եթե առաջարկեմ, ապա առաջինը Սևանա լիճ գնալն է. ցնցող լիճ է, որտեղ հիանալի ժամանակ կանցկացնեք: Հետո Խոր Վիրապի վանքն է, որը գրեթե Թուրքիայի սահմանին է: Այնտեղից կարող եք տեսնել Արարատ լեռը, որի վրա հանգրվանել է Նոյյան Տապանը: Հետո պետք է գնաք հայկական ռեստորան ու լավ ուտեք»:

Սիրելի երաժշտական ոճը

«Պայմանավորված զգացողություններով՝ տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում: Ես լսում եմ եվրոպական ու ամերիկյան երաժշտություն՝ ջազ, բլյուզ, դասական: Ամեն ինչից՝ մի քիչ, մի քիչ: Երաժշտությունն ինձ լավ տրամադրություն է հաղորդում: Ես նաև սիրում եմ հայկական երաժշտություն, քանի որ դրա ներքո իսկապես կարող ես պարել: Ես սիրում եմ պարել, բայց ոչ գիշերային ակումբներում, այլ այն ժամանակ, երբ ընտանիքիս հետ եմ»:

Ալ Բանոյի մասին

«Ես ամուսնացա Վենետիկում, ու նրա ելույթը նվեր էր կնոջս հորեղբոր կողմից: Մենք չգիտեինք, որ նա ելույթ է ունենալու. միայն այդ օրն իմացանք: Նա եկավ ու երգեց, և դա իսկական հաճույք էր մեզ համար»:

Հայաստանի ամենամեծ կուռքը

«Երգիչ Շառլ Ազնավուրը: Կարծում եմ՝ նա աշխարհի ամենաճանաչված հայն է: Նա կարծես դեսպան լինի, որ դրել է Հայաստանը քարտեզի վրա»:

Կրթության մասին

«Ես չեմ կարող հավերժ ֆուտբոլ խաղալ: Մտածեցի սովորելու մասին ու այդպես էլ արեցի: Ցանկանում էի կրթվել նաև ֆուտբոլից դուրս: Վստահ չեմ՝ կշարունակե՞մ արդյոք մնալ ֆուտբոլում նաև կարիերայիս ավարտից հետո»:

Ամենասիրելի հուշակոթողը  Հայաստանում

«Հայաստանում շատ հուշակոթողներ կան: Շատերն եմ սիրում, քանի որ պատմական մեծ նշանակություն ունեն: Բայց եթե պետք է ընտրեմ մեկը, ապա կընտրեմ հենց Հայաստանն ամբողջությամբ»:

Հայկական ամենահայտնի գիրքը կամ ֆիլմը

«Հայաստանը շատ հայտնի գրողներ ունի: Նրանք Հայաստանից դուրս այնքան էլ հայտնի չեն, սակայն մենք գրականության հսկայական հարստություն ունենք: Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա մի ֆիլմ կա, որ նկարահանվել է շատ վաղուց՝ «Մայրիկ»-ը, որը Հայոց ցեղասպանության մասին է: Ես սիրում եմ այս ֆիլմը»:

Ամենասիրելի հայ մարզիկը

«Ես (ծիծաղում է-խմբ.): Երբեմն հայելու մեջ նայում եմ ինձ ու ասում՝ «դո՛ւ ես, որ կաս»: Ուղղակի խառնաշփոթ եմ ստեղծում (ծիծաղում է-խմբ.): Որոշ հրաշալի մարզիկներ ունենք՝ ֆուտբոլիստներ, ըմբիշներ, բռնցքամարտիկներ: Արդար չի լինի մեկին առանձնացնելը, քանի որ նրանք բոլորը ծածանում են Հայաստանի դրոշը»:

Հայերը՝ երեք բառով

«Ժպտերես, ընկերասեր ու կատակասեր»:

Հարցազրույցի վերջում Մխիթարյանը հայերեն գրել է Forza Inter արտահայտությունը:

Հարցազրույցի տեսանյութը