Անգլիական գրանդը կվարձակալի Ժոաու Ֆելիշին

«Չելսին» պատրաստվում է վարձակալել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սպասվում է, որ մեկ-երկու օրվա ընթացքում կողմերը կստորագրեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» վարձավճարի համար կվճարի 11 միլիոն եվրո և կվճարի 23-ամյա պորտուգալացու ամբողջ աշխատավարձը, մինչդեռ մադրիդցիները հրաժարվեցին գործարքի մեջ ներառել գնման տարբերակը։

Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյին» միացավ «Բենֆիկայից» 2019 թվականի հուլիսին 127,2 միլիոն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։