Դիդյե Դեշամը նոր պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ (լուսանկար)

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հետ պայմանագիրը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիացի մասնագետի նոր համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը: Նա ցանկանում է հաղթել Եվրո-2024-ում նախորդ Եվրոպայի առաջնությունում գրանցած անհաջողությունից հետո:

54-ամյա Դեշամը «Եռագույնների» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: Եվրո-2016-ի եզրափակիչում Ֆրանսիան նվազագույն հաշվով պարտվել էր պորտուգալացիներին, ԱԱ-2018-ում նվաճել էր չեմպիոնի տիտղոսն, 2021 թվականին կայացած Եվրո-2020-ում դուրս էր մնացել 1/8 եզրափակիչից՝ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվելով Շվեյցարիային, իսկ ԱԱ-2022-ում հասել էր եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջել էր Արգենտինայի հավաքականին: