Fastex Հայաաստանի Պրեմիեր Լիգայի առաջատար «Ուրարտուի» կիսապաշտպան 24-ամյա Էրիկ Վարդանյանը, ով ծնկի վնասվածքի պատճառով ավարտել է մարզական կարիերան, Ինստագրամի էջում կատարել է գրառում:
«Ոչ ոք չգիտի՝ ինչերի միջով ես անցա վերջին 5 տարիների ընթացքում. 4 վիրահատություն, անվերջ մարզումներ ու վերականգնում, ցավ ու հիասթափություն։
Ամեն օր ես պայքարել եմ ու աշխատել ինքս ինձ վրա, որպեսզի հաղթահարեմ վնասվածքներն ու նորից խաղամ իմ սիրելի խաղը։ Ես արել եմ դա ինձ ու այն մարդկանց համար, որոնք անկեղծորեն հավատացել են ինձ։ Ցավոք, չկարողացա լուրջ վնասվածքների պատճառով։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ու աջակցում էին ինձ՝ չնայած կարիերայումս ունեցած անկումներին։ Այժմ հրաժեշտի ժամանակն է։
Դա հեշտ ընտրություն չէր, ու խոսքեր էլ չունեմ նկարագրելու այն, ինչ զգում եմ հիմա։ Երբեք չեմ կարողանա բացատրել այն, քանի որ ամենախոր զգացմունքները բառերով չես արտահայտի։
Միայն կարող եմ ասել, որ երբեմն ճիշտ է փոխել ճանապարհը, դեմ հանդիման կանգնել նոր մարտահրավերներին ու ավելի կատարելագործվել։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր կողքիս էին ու հավատում էին»,- գրել է Վարդանյանը։