Պաշտոնական. Կառլուշ Կեյրուշը հեռացել է Իրանի հավաքականից

Պորտուգալացի մասնագետ Կառլուշ Կեյրուշը հայտարարել է ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

«Ֆուտբոլում բարոյական հաղթանակներ չկան, բայց նաև անբարոյական բան չկա երազանքներիդ չհասնելու մեջ, եթե դու անում ես առավելագույնը լի ցանկությամբ և խիզախ հաղթական տրամադրվածությամբ:

Ես հպարտ եմ ձեզնով, դուք հիանալի էիք խաղադաշտում և դրանից դուրս:

Ինձ համար պատիվ ու արտոնություն էր լինել այս ֆուտբոլային ընտանիքի մի մասը։ Վստահ եմ, որ դուք արժանի եք լիակատար հարգանքի՝ բարձրացնելով ձեր երկրի ու ֆուտբոլասերների վարկանիշը։

Բոլորիդ երջանկություն, խաղաղություն, հաջողություն և առողջություն: Շնորհակալություն»,- գրել է պորտուգալացի մասնագետը սոցցանցերում։

Կատարում ընթացող աշխարհի Մունդիալի B խմբի վերջին՝ երրորդ տուրում Իրանի հավաքականը նոյեմբերի 29-ին 0-1 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի թիմին և ավարտել ելույթը։ Այս խմբից փլեյ-օֆֆ էին դուրս եկել Անգլիան (7 միավոր) և ԱՄՆ-ը (5 միավոր):