Ռոնալդ Արաուխոն հաջողությամբ վիրահատվել է

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն չորեքշաբթի առավոտյան ֆիննական կլինիկայում բարեհաջող վիրահատվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ 23-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ ազդրի երկար ներդիր մկանի ջլի պատռվածք։

Այս մրցաշրջանում Արաուխոն 7 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վիրահատության պատճառով Արաուխոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը: