Մաուրիսիո Պոչետինո. «Չեմ կարծում, որ Մբապպեն կապ ուներ ՊՍԺ-ից իմ հեռանալու հետ»

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով և ընդգծել, որ չի հավատում, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ազդել է նոր մարզիչ գտնելու ակումբի որոշման վրա։

Այս ամառ ՊՍԺ-ում Պոչետինոյի փոխարեն նշանակվեց «Լիլի» և «Նիսի» նախկին գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն։

«Կարծում եմ՝ ՊՍԺ-ն ամեն ինչ արեց Կիլիանին թիմում պահելու համար, և ես համաձայն եմ նրանց որոշման հետ: Մբապպեն այսօր համաշխարհային ֆուտբոլի լավագույններից մեկն է, և ես ենթադրում եմ, որ ՊՍԺ-ն, որն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, համոզեց նրան մնալ։

Սակայն ես չեմ կարծում, որ Մբապպեն նոր նախագիծ մշակողների թվում էր (առանց իմ մասնակցության)։ Տվյալ դեպքում որոշումը կայացնում է ակումբի նախագահը»,- ասել է Պոչետինոն Infobae-ին տված հարցազրույցում: