Կոնտե. «ՄՅու»-ն 2-րդն էր, եկան Ռոնալդուն, Վարանը և Սանչոն ու դարձան 6-րդը»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր Լիգայում մրցակցության մասին:

«Անգլիայում կան չորս թիմեր, որոնք ներդրումների շնորհիվ վաղ են մեկնարկում՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Օրինակ՝ «Չելսին» Լուկակուին փոխարինեց Ստերլինգով, Ռյուդիգերը հեռացավ, բայց եկավ Կուլիբալին։

«Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի ակումբ է, ունի շատ երկրպագուներ ամբողջ աշխարհում և կարող է ծախսել, բայց նրանք, ովքեր ծախսում են, միշտ չէ, որ հաղթում են: Երկու տարի առաջ «Յունայթեդը» պարտվում էր միայն «Մանչեսթեր Սիթիին», հետո գնեց Ռոնալդուին, Սանչոյին ու Վարանին, բայց զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։ Նրանք այս գնումները կատարել էին Պրեմիեր Լիգայում հաղթելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց։

Սա առաջնություն է, որտեղ մենք պետք է որոշակի բալանսներ հաստատենք, որպեսզի չսայթաքենք, չպետք է լինենք գոռոզ կամ ինքնահավան: Մենք սկսել ենք աշխատանքի և մտածված ընտրության լուրջ ճանապարհ, բայց ակումբը պետք է այլ քայլեր ձեռնարկի, նախքան հենց սկզբից տիտղոսի հավակնորդ դառնալու մասին մտածելը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: