Օքսլեյդ-Չեմբերլենը վնասվածք է ստացել Ասիայում ուսումնամարզական հավաքի ժամանակ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը երկու շաբաթ առաջ Սինգապուրում կայացած «Քրիսթալ Փելասի» դեմ ընկերական խաղում ստացել է լուրջ վնասվածք:

«Ալեքսի ապաքինումը երկար ժամանակ կպահանջի։ Նա ծնկատակի ջլի լուրջ վնասվածք ունի: Մենք բոլորս ատում ենք այդ բառը, ատում ենք այս տեսակի վնասվածքները, բայց, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ դա տեղի է ունենում շատ ֆուտբոլիստների հետ»,- ասել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«Լիվերպուլը» 2022/23 մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին, երբ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։