Իգոր Պադերին․ «Արդյունավետ հավաք ենք անցկացրել, տեսնենք՝ որքանով կօգնի այն մեզ»

Կիսլովոդսկում ընթացող երկշաբաթյա հավաքը կեզրափակվի վերջին երկու ստուգողական խաղերով։ «Ուրարտու-2»-ի մարզիչ Իգոր Պադերինը երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպիսի ընթացք ունեցավ հավաքն ու ինչպես է այն գնահատում։

Ավարտվող հավաքի մասին

«Ամփոփելու համար վաղ է, հավաքը դեռ չի ավարտվել, ևս երկու ստուգողական հանդիպում ունենք անցկացնելու։ Տվյալ պահին միայն դրական եմ գնահատում մեր հավաքը, այն միշտ օգտակար է, և մեզ մոտ էլ անցնում է բավական արդյունավետ։ Մրցաշրջանի ընթացքում կտեսնենք՝ որքանով այն մեզ օգնեց»։

Թիմի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու մասին

«Ունենալով նման ակադեմիա՝ սելեկցիա լինելու է մշտապես, որովհետև պետք է օգտվել այսպիսի ռեսուրսներից, երեխաներ են, բոլորը պետք է հասկանան, որ կարող են ընդգրկվել ու աճելու տեղ ունեն, ուստի սելեկցիան «Ուրարտու-2»-ի համար ամենամյա բնույթ է կրելու, այսինքն, կարող ենք ասել՝ ցանկացածը, ով տարիքով կհամապատասխանի, կներգրավվի, իսկ ով չի համապատասխանի մեր պահանջներին, կվերադառնա իր տարիքային թիմ, ու այդպես հնարավորություն կտրվի բոլորին»։

Թիմի առջև դրված խնդիրների մասին

«Իմ կարծիքով, ամբողջ աշխարհում երկրորդ թիմերի համար առաջադրանքը առաջին թիմի համար ֆուտբոլիստներ պատրաստելն է, բայց իմ ու իմ շտաբի առջև դրված են այլ լավ առաջադրանքներ ևս, որոնց մասին դեռևս չեմ ուզում խոսել։ Հուսով եմ՝ հաջորդ հարցազրույցին կամ որոշ ժամանակ անց արդեն կկարողանանք այդ մասին խոսել»։

Նոր մրցաշրջանի վերսկսման մասին

«Օգոստոսի 4-ին առաջին պաշտոնական հանդիպումն է, պետք է պատրաստվենք, մրցակից թիմը նոր է, որևէ բան հայտնի չէ մեզ «Սյունիքի» մասին, պետք է պատրաստվենք սովորականի նման, ինչպես հավաքի ընթացքում ենք պատրաստվում՝ մի փոքր այլ տրամադրվածությամբ, ու կտեսնենք՝ ինչպես կխաղանք»։