Չավին «Ռեալի» դեմ հանդիպմանը կկարողանա մարզել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շուտով կժամանի ԱՄՆ-ում գտնվող թիմի ճամբար, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 42-ամյա մասնագետն արդեն մեկնել է Մայամի, որտեղից վաղը՝ հուլիսի 21-ին, թիմի հետ կթռչի Լաս Վեգաս: Այնտեղ «կապտանռնագույններն» ընկերական հանդիպում կանցկացնեն Մադրիդի «Ռեալի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ փաստաթղթեր են պահանջել Չավիից՝ Քաթարի «Ալ-Սադ» ակումբի ֆուտբոլիստ եղած ժամանակ Իրան կատարած երեք այցերի պատճառով։ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունի Իրանի հետ, որին համարում է ահաբեկչության հովանավոր պետություն։

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Լաս Վեգասի «Էլիջիանտ» մարզադաշտում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 7:00-ին: