«Արարատի» և «Շիրակի» նախկին պաշտպանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ թիմին է միացել պաշտպան Միլոշ Ստամենկովիչը:

Փորձառու ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել հայրենի՝ սերբական ակումբներում («Պրոլետեր Նովի Սադ», «Մլադենովաց», «Բորչա»), ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ», որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, մասնակցել 24 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Արարատի» կազմում անցկացրած մրցաշրջանից հետո Ստամենկովիչը Երևանից տեղափոխվել է Գյումրի ու 2 տարի հանդես եկել «Արարատ-Արմենիայի» ներկայիս մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորած «Շիրակի» կազմում՝ մասնակցելով ընդհանուր առմամբ առաջնության 42 հանդիպման` դառնալով 1 գոլի հեղինակ:

2016-ին Հայաստանից հեռանալուց հետո սերբ ֆուտբոլիստը հաջորդաբար հանդես է եկել Ուկրաինայի ու Ղազախստանի Պրեմիեր Լիգաների թիմերում, ինչպես նաև բելգիական Պրոքսիմուս Լիգայի ներկայացուցիչ «Յունիոնում»:

32-ամյա պաշտպանի վերջին թիմը ղազախական «Ակժայկն» է եղել: