Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի գրառում է արել՝ «Ռոմայից» հեռանալուց հետո

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով անվճար տրանսֆերով տեղափոխվել է «Ինտեր», հրաժեշտ է տվել «Ռոմային», որի կազմում հանդես էր գալիս 2019 թվականից։

«Հարգելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է: Այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, մինչև Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը և դրանից հետո, ձեր աջակցությունն ակնհայտ է եղել, և ես միշտ հպարտ կլինեմ դրանով:

Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, նպատակ ունեի. դարձնել ակումբին հաղթող և ուրախացնել նրա ֆանտաստիկ երկրպագուներին. նպատակն իրականություն դարձավ Տիրանայում: Այս հաղթանակը կատարյալ ավարտ էր «Ռոմայում» երեք տարվա կարիերայից հետո:

Հիմա եկել է հրաժեշտի ժամանակը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են ակումբում այն ​​առանձնահատուկ հարաբերությունների համար, որոնք մենք ստեղծել ենք այս տարիների ընթացքում: Շատ շնորհակալ եմ մեր մարզչական շտաբին և, մասնավորապես, պարոն Մոուրինյոյին իմ հանդեպ վստահության և ուշադրության ու այն արտասովոր մոտիվացիայի համար, որը նա տվել է ինձ որպես ֆուտբոլիստի:

Ես ամեն ինչ տվել եմ «Ռոմային» խաղադաշտում և դրա սահմաններից դուրս: Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ, և ես երբեք չեմ մոռանա այն արտասովոր պահերը, որոնք անցկացրել ենք միասին։ Այս ակումբը և քաղաքը հավերժ կմնան իմ սրտում։ Ես ձեզ սիրում եմ! Շնորհակալություն, Հռոմ»,- գրել է Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում: