Ջանի Ինֆանտինո. «ԱԱ-2026-ը շատ ավելի մասշտաբային կլինի, քան ԱԱ-1994-ը»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կգերազանցի 1994 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվել էր ԱՄՆ-ում։ Այդ աշխարհի առաջնությունը ռեկորդային էր ընդհանուր հաճախելիության առումով:

«2026 թվականի աշխարհի առաջնությունը շատ ավելի մասշտաբային է լինելու: Կարծում եմ՝ աշխարհի այդ հատվածը չի հասկանում, թե ինչ կլինի 2026 թվականին։ Այդ 3 երկրները բազմամարդ են լինելու։ Աշխարհը ներխուժելու է Կանադա, Մեքսիկա և Միացյալ Նահանգներ։ Նրանց կուղեկցի ուրախության ու երջանկության մեծ ալիքը»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Yahoo! Sports-ը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն հայտարարել էր, որ 2026 թվականի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի 16 քաղաքներում։