Գարեթ Բեյլ. «Սա ամենամեծ արդյունքն է ուելսյան ֆուտբոլի պատմության մեջ»

Ուելսի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչում Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

Ուելսը 64 տարվա մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց։

«Սա ամենամեծ արդյունքն է ուելսյան ֆուտբոլի պատմության մեջ։ Մենք բոլորս ոգևորված ենք։ Մենք երազել ենք այդ մասին և աշխատել մեր նպատակն իրականացնելու համար։ Այս ամենը մեր հիանալի երկրպագուների համար է: Չեմ կարող նկարագրել այս զգացողությունը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես իսկապես ոչինչ չէի կարող անել մեջքի սպազմի պատճառով: Արեցի այն, ինչ կարող էի, խաղադաշտում տվեցի ամեն ինչ»,- Բեյլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։