Սամվել Հակոբյան․ «Այս մրցաշրջանում առաջին խաղս հաջողված կհամարեմ»

Երկարատև ընդմիջումից հետո Սամվել Հակոբյանն «Ուրարտուի» կազմում խաղաժամանակ ստացավ ու իր առաջին գոլը հեղինակեց։ «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո ֆուտբոլիստը պատասխանել է երևանյան ակումբի մամուլի ծառայության հարցերին:

«Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին

«Խաղը բավական դիտարժան ստացվեց, բարձր որակի հանդիպում էր, երկու թիմերն էլ իսկապես ուժեղ են։ Իմ՝ խաղադաշտ դուրս մտնելուց հետո առավելություն ստացանք հարձակման գծում, ու, օգտվելով նաև մրցակցի հոգնածությունից, կարողացանք մեկ գոլ հետ բերել»։

Խաղի ու խփած գոլի մասին

«Առաջին անգամ խաղացի այս մրցաշրջանում, կարծում եմ՝ խաղս հաջողված էր, կարողացա նաև գոլ խփել, ինչի համար շատ ուրախ եմ։ Բացեցի գոլերիս հաշիվը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում, կփորձեմ անել այնպես, որ գոլերս շարունակական լինեն, օգնեն թիմին նաև հաղթանակներ գրանցել»։

Թիմում տրամադրվածության մասին

Թիմում մթնոլորտը շատ լավ է, ինձ լավ են ընդունում, դրական են տրամադրված։ Ճիշտ է, այս մրցաշրջանը մեզ համար լավ չդասավորվեց, բայց բոլորը պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլիստներ են ու իրենց նվիրումը շատ մեծ է»։