Հայտնի է, թե որքան գումար է առաջարկում «Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի դիմաց

Կատալոնական «Բարսելոնան» Մյունխենի «Բավարիային» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի դիմաց առաջարկել է 35 միլիոն եվրո։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 33-ամյա լեհն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը կատալոնակական ակումբի հետ։ Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։

Լևանդովսկին ավելի վաղ ասել էր, որ մտադիր է այս ամառ հեռանալ «Բավարիայից» այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մյունխենյան ակումբն իրեն չի առաջարկել երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականին: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իր հերթին հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում լեհ հարձակվողի հետ։

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։