Կիլիան Մբապպեն՝ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու մասին

Հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը: Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

«Ուզում էի հայտարարել, որ որոշել եմ երկարաձգել պայմանագիրս ՊՍԺ-ի հետ և, իհարկե, շատ ուրախ եմ դրա համար։ Համոզված եմ, որ այստեղ կարող եմ շարունակել աճել՝ ակումբում, որը բոլոր հնարավորություններն է տալիս հանդես գալ ամենաբարձր մակարդակով։

Նաև շատ ուրախ եմ, որ կարող եմ շարունակել զարգանալ Ֆրանսիայում՝ այն երկրում, որտեղ ծնվել, մեծացել և բարգավաճել եմ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին վստահության, ըմբռնման և համբերության համար։ Ես նաև մտածում եմ Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում գտնվող ՊՍԺ-ի բոլոր երկրպագուների մասին»,- ասել է 23-ամյա ֆրանսիացին։