Չավին՝ Ֆրենկի դե Յոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ֆրենկին մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, իմ օրոք նա գրեթե միշտ դուրս է գալիս մեկնարկային կազմում, բայց շատ բան կախված է ակումբի տնտեսական իրավիճակից։ Դե Յոնգը դեռ երկար տարիներ կարող է առանցքային ֆուտբոլիստ լինել «Բարսելոնայում», բայց մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

2021/22 մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում մասնակցած 45 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել 25-ամյա ֆուտբոլիստի հետ։