Մաուրիցիո Սարրին՝ «Լացիոյի» նախագահին. «Եթե ձեզ դուր չի գալիս իմ ֆուտբոլը, վերադարձրեք Պիոլիին»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին վիճել է ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոյի հետ, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Sportmediaset-ին։

Ըստ աղբյուրի՝ կոնֆլիկտը ծագել է Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Միլանի» դեմ տնային խաղում թիմի կրած պարտությունից (1:2) հետո: Այդ պարտությունը վրդովեցրել է հռոմեական ակումբի նախագահին։ Սարրին կոշտ է արձագանքել Լոտիտոյի քննադատությանը։

«Սա իմ ֆուտբոլն է։ Եթե ​​այն ձեզ դուր չի գալիս, վերադարձրեք Ստեֆանո Պիոլիին»,- ասել է 63-ամյա մասնագետը։

Նշենք, որ «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Պիոլին «Լացիոն» գլխավորել է 2014-ից 2016 թվականներին։