Ռալֆ Ռանգնիկ. «Չեմ կարծում, որ նոր մարզչի մասին խոսելը կարող է արդարացնել նման պարտությունները»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում իր թիմի կրած պարտությունը (0:1):

«Չեմ կարծում, որ նոր մարզչի մասին խոսելը կարող է արդարացնել նման պարտությունները։ Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, չպետք է շեղվենք նման թեմաներով։ Թիմը նոր մարզիչ կունենա: Եթե ​​նրա անունը հայտարարվի հիմա , 10 կամ 14 օր հետո, ապա դա չի ազդի խաղի վրա»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Յունայթեդը» 31 խաղից 51 միավորով 7-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: Ռալֆ Ռանգնիկը կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից և կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատու այն բանից հետո, երբ ակումբը համաձայնեցնի պայմանագիրը նոր մասնագետի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրիկ տեն Հագը, ով այժմ աշխատում է «Այաքսում», կարող է դառնալ մանկունիանցիների նոր գլխավոր մարզիչը։