«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Չեմպիոնների Լիգայի՝ «Բավարիայի» դեմ առաջիկա խաղից ունեցած սպասելիքներով։
««Բավարիան» շատ է տարբերվում «Յուվենտուսից»: Իհարկե, այն նույնպես շատ ուժեղ թիմ է, Չեմպիոնների Լիգայի հերթական բացահայտ ֆավորիտը, բայց «Բավարիան» այլ կերպ է խաղում։ Բնականաբար, այս խաղերում մեր մարտավարությունը նույնպես տարբեր կլինի։ Բայց սա այն է, ինչ բոլորին է դուր գալիս, ինչը մոտիվացնում ու գրավում է բոլորին՝ տարբեր երկրներին բնորոշ ոճերի ու փիլիսոփայությունների մրցակցությունը։
Սակայն ամենակարևորն այն է, որ երբ խաղում ես «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Ատալանտայի» կամ «Յուվենտուսի» դեմ, միշտ հաղթելու շանսեր կունենաս։ Հիմա մեզ բաժին է ընկել «Բավարիայի» հետ պայքարելը։ Մենք մարտունակ թիմ ենք և հաղթելու շանսեր ունենք», Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Վիլյառեալ» – «Բավարիա» առաջին խաղը կկայանա ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: