Ռալֆ Ռանգնիկ. «Ռոնալդուն ցույց տվեց, որ ունի անհրաժեշտ որակներ՝ «ՄՅու»-ում խաղալու համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2)՝ ընդգծելով նաև հեթ-տրիկի հեղինակ դարձած հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։

«Ռոնալդուն այսօր մեծ եռանդով էր խաղում: Նա օգնում էր թիմին պաշտպանությունում, երբ մենք պետք է պաշտպանվեինք, իսկ այսօր ստիպված էինք հաճախակի պաշտպանվել։ Դա Կրիշիտանուի, ինչպես նաև թիմի լավագույն մրցելույթն էր:

Ես նրանից հեթ-տրիկ չէի սպասում, բայց ակնկալում էի, որ նա գոլ կխփի։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի նրան խաղադաշտ դուրս բերել։ Նա շատ լավ տեսք ուներ մարզումների ժամանակ, ուստի ես որոշեցի նրան խաղադաշտ դուրս բերել առաջին րոպեներից և չթողնել պահեստայինների նստարանին

Այսօր մեզ պետք էր հաղթել՝ 4-րդ տեղի համար պայքարում մնալու համար։ Այս հաղթանակը մեզ համար մեծ խթան կլինի երեքշաբթի օրը կայանալիք («Ատլետիկոյի» դեմ) խաղից առաջ:

Ռոնալդուն այսօր ցույց տվեց, որ դեռ ունի անհրաժեշտ որակներ՝ խաղալու համար այնպիսի ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է»,- ասել է Ռանգնիկը Sky Sports-ի եթերում: