Կառլո Անչելոտտին ասել է՝ ինչի շնորհիվ «Ռեալը» կարողացավ հաղթել ՊՍԺ-ին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

«Մենք հաղթեցինք շատ բարդ խաղում, հատկապես Մբապպեի գոլից հետո, շատ դժվար հանդիպում էր: Փորձեցինք բարձր պրեսինգ կիրառել և եղավ առաջին գոլը։ Երկրպագուները սկսեցին մեզ առաջ մղել, և մենք ավելի ու ավելի շատ հնարավորություններ էինք ստեղծում։ Մենք երջանիկ ենք։

Մենք մեծ էներգիայով սկսեցինք հանդիպումը, բայց հետո ՊՍԺ-ն սկսեց պրեսինգի շնորհիվ դժվարություններ ստեղծել մեզ համար։ Մենք տուժեցինք, բայց դա նորմալ է: Մի փոքր ռիսկի դիմեցինք՝ Մբապպեի համար մեն-մեկ շրջանցելու հնարավորություններ թողնելով, և դա դժվարացրեց մեզ կյանքը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: