Կրիշտիանու Ռոնալդուն 6 անընդմեջ խաղ է՝ գոլ չի խփում

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (1:1): Հանդիպումը կայացավ  «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։

Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Ջեյդոն Սանչոն։

«Կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 6 անընդմեջ խաղ է, ինչ գոլ չի խփում։ Վերջին անգամ 37-ամյա պորտուգալացին աչքի է ընկել դեկտեմբերի 30-ին՝ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի «Բարնլիի» հետ խաղում (3:1):

Նշենք, որ Ռոնալդուն իր ակտիվում արդյունավետ գործողություններ չունի 2022 թվականին: Այս մրցաշրջանում պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։