«Թոթենհեմի» և Բելգիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

«Թոթենհեմի» նախկին կիսապաշտպան Մուսա Դեմբելեն ավարտել է կարիերան։ 34-ամյա խաղացողի վերջին ակումբը եղել է չինական «Գուանչժոու Սիթին», որի կազմում նա հանդես է եկել 2019-ից 2021 թվականներին։

Կիսապաշտպանը, ով Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ, նախատեսում է բնակություն հաստատել հայրենի Անտվերպենում ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Դեմբելեն իր կարիերան սկսել է «Ժերմինալում», իսկ ավելի ուշ խաղացել է «Վիլեմ II», ԱԶ, «Ֆուլհեմ», «Թոթենհեմ» և «Գուանչժոու» թիմերում։

2009 թվականին նա ԱԶ-ի կազմում դարձել է Հոլանդիայի չեմպիոն, իսկ 2018 թվականին Բելգիայի հավաքականի հետ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել։