Հայտնի է՝ երբ Սադիո Մանեն և Մոհամեդ Սալահը կվերադառնան «Լիվերպուլ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հարձակվողներ Մոհամեդ Սալահը և Սադիո Մանեն հաջորդ շաբաթ կվերադառնան թիմ։

Այս պահին երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցում են Աֆրիկայի գավաթի խաղարկությանը և միմյանց դեմ կհանդիպեն մրցաշարի եզրափակչում։ Սալահը խաղում է Եգիպտոսի հավաքականում, իսկ Մանեն ներկայացնում է Սենեգալի ընտրանին։

«Կարծում եմ, որ հաջորդ հինգշաբթի նրանք կարող են խաղալ «Լեսթերի» հետ: Նա, ով կհաղթի, նախ երևի թե կգնա իր հայրենի երկիր՝ մասնակցելու չեմպիոնական շքերթին և կվերադառնա մեզ մոտ երեքշաբթի կամ չորեքշաբթի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյմս Փիրսը։

Աֆրիկայի գավաթի՝ Սենեգալի և Եգիպտոսի միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 6-ին: Խաղը կմեկնարկի 23:00-ին (Երևանի ժամանակով):