Ռոբերտ Լևանդովսկի. «The Best մրցանակն ավելի կարևոր է, քան «Ոսկե գնդակը»»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ոսկե գնդակը» չնվաճելու մասին։

«Վերջերս ես մտածում էի երկու մրցանակների՝ ՖԻՖԱ-ի The Best-ի և «Ոսկե գնդակի» մասին: Եվ ես եկա այն եզրակացության, որ ՖԻՖԱ-ի մրցանակն իսկապես ավելի կարևոր է, քանի որ «Ոսկե գնդակի» օգտին քվեարկում են միայն լրագրողները։ Պարզություն չկա։

Իսկ ՖԻՖԱ-ի մրցանակի քվեարկությանը մասնակցում են թե՛ պրոֆեսիոնալներ, թե՛ լրագրողներ։ Այնտեղ քվեարկում են թիմերի ավագներն ու մարզիչները։ Նրանք կարող են իրատեսորեն և օբյեկտիվ գնահատել մեր խաղամակարդակը, քանի որ գիտեն, թե ինչ արժե մեզ համար յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր ռեկորդ, յուրաքանչյուր վնասվածք։

Հնարավոր է՝ հեղինակության տեսանկյունից «Ոսկե գնդակն» ավելի բարձր տեղ է գրավում, քան The Best-ը, բայց այն ճանաչումը, որը ես ստացել եմ՝ երկու անգամ անընդմեջ մարզիչների և խաղացողների քվեարկությամբ արժանանալով ՖԻՖԱ-ի մրցանակին, ինձ ստիպում է հպարտանալ, քանի որ գիտեմ, թե որքան ջանասիրաբար եմ աշխատել՝ երկար տարիների ընթացքում:

Բայց պետք է շեշտեմ, որ ես ինձ հեռու եմ պահում մրցանակներից։ Չկա այդպիսի բան, որ ես չեմ կարողանում քնել մրցանակաբաշխությունից հետո, որտեղ ես չհաղթեցի և մտածում եմ, թե ինչու ձախողվեցի։ Հատկապես այն բանից հետո, երբ գիտակցում եմ, որ երբեմն ֆուտբոլային քաղաքականությունն իր դերն է խաղում»,- ասել է լեհ ռմբարկուն Piłka Nożna-ին տված հարցազրույցում: