Բորխա Մայորալը հայտնել է, որ դժգոհ է եղել «Ռոմայում» ստացած խաղաժամանակից

Հարձակվող Բորխա Մայորալը, ով հունվարին «Ռոմայից» վարձավճարով «Խետաֆե» է տեղափոխվել, հայտարարել է, որ դժգոհ է եղել հռոմեական ակումբում իր խաղային պրակտիկայից:

«Այժմ ես ոգևորվածություն եմ զգում, քանի որ մի քանի ամիս է, ինչ չէի կարողանում նորմալ խաղալ, բայց նաև զայրացած եմ, քանզի կարծում եմ, որ արժանի էի ավելի շատ րոպեներ ստանալ «Ռոմայում»:

Ես երկար ժամանակ զսպում էի էմոցիաներս, կարծում եմ, որ այժմ ի զորու եմ «Ռոմային» ապացուցել, թե ինչ մակարդակի հարձակվող եմ։ Նպատակն Իսպանիայի հավաքականում լինելն է, և ես ամեն ինչ կանեմ այդ երազանքն իրականություն դարձնելու համար»,- Մայորալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

2021/22 մրցաշրջանում իսպանացին «Ռոմայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։  Հարձակվողը «գայլերի» կազմում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, իսկ նրա տրանսֆերը պատկանում է Մադրիդի «Ռեալին»: