Լևանդովսկին՝ «Ոսկե գնդակը» չնվաճելու մասին. «Ինձ համար ավելի կարևոր է, երբ խաղացողներն ու մարզիչներն են ընտրում»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ոսկե գնդակ»-2021-ը չստանալու մասին, որը բաժին էր հասել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Յուրաքանչյուր մրցանակ ունի այն շնորհման իր կանոնները։ Ինձ համար միշտ ավելի կարևոր է, երբ ընտրում են խաղացողներն ու մարզիչները։ Ես դա ավելի շատ եմ գնահատում, քան երբ (քվեարկության մեջ) չկան ֆուտբոլիստներ կամ մարզիչներ»,- լեհ ռմբարկուի խոսքերն է փոխանցում Bayern&Germany թվիթերյան էջը:

Լևանդովսկին արժանացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակին, որտեղ հաղթողն ընտրվում է ազգային հավաքականի ավագների, մարզիչների, լրագրողների և երկրպագուների համատեղ քվեարկությամբ։

«Ոսկե գնդակի» ժյուրիի կազմում ընդգրկված են տարբեր երկրներից լրագրողներ։