Նեյմարը ՊՍԺ-ի ղեկավարությանը համոզում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փորձում է փարիզյան ակումբին համոզել պայմանագիր կնքել Բրազիլիայի հավաքականում իր թիմակից Ֆիլիպե Կոուտինյոյի հետ։

29-ամյա խաղացողը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ կատալոնական ակումբից, որպեսզի մշտական խաղային պրակտիկա ստանա և ազգային թիմի հետ մեկնի 2022 թվականի աշխարհի առաջնությանը:

Ֆինանսական դժվարություններ ունեցող «Բարսելոնան» ուրախությամբ կբաժանվի կիսապաշտպանից, ում տրանսֆերը դարձել է ակումբի պատմության ամենաձախողվածներից մեկը: 2018 թվականի հունվարին Կոուտինյոն 135 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Կամպ Նոու»: Բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 106 հանդիպում՝ դառնալով 25 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։