TOKYO-2020. Երկրորդ տուրի բոլոր հանդիպումներն ու մրցաշարային աղյուսակները

Տոկիոյում շարունակվում է ամառային 32-րդ Օլիմպիական խաղերը, որի ֆուտբոլային մրցաշարի շրջանակներում քիչ առաջ կայացան հուլիսի 25-ի հաջորդ 4 խաղերը:

A խմբում ճապոնացիները 2-1 հաշվով հաղթեցին մեքսիկացիներին: Այս խաղում վճռորոշ դարձան հանդիպման մեկնարկային 12 րոպեների ընթացքում ասիացիների խփած արագ գոլերը: Ացտեկները միայն խաղավերջում կարողացան հեղինակության գոլ խփել: Այս խմբի այսօրվա առաջին խաղում Ֆրանսիան 4-3 հաշվով հաղթեց ՀԱՀ-ին:
Առաջին երկու տուրերից հետո այս խմբում Ճապոնիան ունի 6, Մեքսիկան ու Ֆրանսիան՝ 3-ական, իսկ ՀԱՀ-ը՝ 0 միավոր:

B խմբում նույնսպես ասիացիները հաջող հանդես եկան: Հվ. Կորեան 4-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ: Այս խմբի այսօրվա առաջին խաղում Հոնդուրասը 3-2 հաշվով հաղթել էր Նոր Զելանդիային:
Առաջին երկու տուրերից հետո այս խմբում ընդգրկված բոլոր թիմերը վաստակել են 3-ական միավոր: Խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշը կորեացիների մոտ է՝ 4-1, իսկ վատագույնը՝ ռումինների (1-4): Մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը 3-ական գնդակ է խփել և բաց թողել:

C խմբում իսպանացիները վերջապես ուրախացրեցին իրենց երկրպագուներին՝ 1-0 հաշվով առավելության հասնելով Ավստրալիայի հավաքականի նկատմամբ: 81-րդ րոպեին միակ գնդակը հեղինակեց Միկել Օյարսաբալը: Հիշեցնենք, որ այս խմբի այսօրվա առաջին խաղում արգենտինացիները նույն  1-0 հաշվով առավելության էին հասել եգիպտոսցիների նկատմամբ: Խաղի 52-րդ րոպեին միակ գնդակը հեղինակել է Ֆակունդո Մեդինան:
Առաջին երկու տուրերից հետո այս խմբում Իսպանիան ունի 4, Ավստրալիան ու Արգենտինան՝ 3-ական, իսկ Եգիպտոսը՝ 1 միավոր:

D խմբում գերմանացիները համառ մրցապայքարում 3-2 հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային: 75-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Ֆելիքս Օդուխային, չնայած, որ դրանից 7 րոպե առաջ Բունդեսթիմը մնացել էր 10 հոգով: Այս խմբի առաջին խաղում՝ Բրազիլիա – Կոտ դ՛Իվուար մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Այս խաղում երկու կարմիր քարտ եղավ: 15-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց բրազիալացի Դուգլաս Լուիսը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ աֆրիկացիներից՝ Էբուե Կուասին:
Առաջին երկու տուրերից հետո այս խմբում Բրազիլիան ու Կոտ դ՛Իվուարն ունեն 4-ական, Գերմանիան՝ 3, իսկ Սաուդյան Արաբիան՝ 0 միավոր: