Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները չեն տեղափոխվի չեզոք խաղադաշտեր

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան խաղերը չեն տեղափոխվի չեզոք մարզադաշտեր: Այս մասին հայտնում է AS-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերի և եզրափակիչ խաղը տեղի կունենան Լիսաբոնում ՝ «ութի եզրափակիչ» ձևաչափով, օգոստոսի 12-ից 23-ը:

Այնուամենայնիվ, 1/8-րդ եզրափակիչ փուլի պատասխան չորս խաղերի անցկացման հարցը մնում է չլուծված: Այս պահի դրությամբ այս փուլում մնում է անցկացնել «Յուվենտուս» – «Լիոն», «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ», «Բավարիա» – «Չելսի» և «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան հանդիպումները:

ՈՒԵՖԱ-ն հայտարարեց, որ հանդիպումները կկայանան օգոստոսի 7-ին և 8-ին, սակայն անցկացման վայրի մասին հստակ տեղեկություն դեռ չի հրապարակվել: AS-ը հայտնում է, որ ուրբաթ օրը կլինի պաշտոնական հաստատում, առ այն, որ տանտերերը ընդունելու են հյուրերին իրենց հարկի տակ: