Աֆրիկայի Ազգերի գավաթի 2021 թվականի խաղարկությունը կհետաձգվի

Ըստ RMC-ի, Աֆրիկայի Ազգերի գավաթի 2021 թվականի խաղարկությունը մեկ տարով կհետաձգվի՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, մոտակա շաբաթների ընթացքում Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան պետք է հայտարարի մրցաշարի տեղափոխման մասին։

Ի սկզբանե մրցաշարը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա հունվարին Կամերունում։ Հիմա կտեղափոխվի 2022 թվականի հունվար։ Աֆրիկայի ներկայիս գավաթակիրն է Ալժիրը՝ նվաճելով գավաթը 2019 թվականին։ Մրցաշարն անցկացվում է ամեն երկու տարին մեկ։

Վերջին տվյալներով աշխարհում COVID-19-ով 5,7 մլն․ վարարակիր է հաստատվել։ Ավելի քան 350 հազարը մահացել է, մոտ 2,5 մլն մարդ առողջացել է։ Աֆրիկայում հաշվարկվում է ավելի քան 120 հազար վարակակիր։ 3600 մարդ մահացել է, իսկ 50 հազարը ապաքինվել։