Մարտի 12-ին տեղի կունենան Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Անգլիական «Վուլվերհեմփթոնին» բարդ դիմակայություն է սպասվում, ի դեմս՝ հունական «Օլիմպիակոսի», որը նախորդ փուլում հետագա մրցապայքարից դուրս թողեց անգլիական թիմերից մյուսին՝ Լոնդոնի «Արսենալին»:
«Գայլերը» հունական ակումբի հետ առաջին խաղը կանցկացնեն Պիրեու քաղաքի «Գեորգիոս Կարաիսկակիի» անունը կրող մարզադաշտում: «Վուլվերհեմփթոնի» առաջատար Դիեգու Ժոտան Եվրոպա Լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը դարձավ, ով իր հաշվին 2 անընդմեջ հեթ-տրիկ գրանցեց:
«Օլիմպիակոսի հետ մենք մրցելու ենք առաջին անգամ, և վստահ եմ, նրանք հեշտ մրցակիցներից չեն: Մենք արդեն գիտենք, որ Հունաստանում մթնոլորտն ի նպաստ մեզ չի աշխատելու, բայց հենց այստեղից է կախված մեր հետագա հաջողությունը: Եթե Հունաստանում կարողանանք ցանկալի արդյունքների հասնել, ապա հաջորդ փուլ անցնելու երազանքը ռեալ կդառնա», – նշել է Դիեգու Ժոտան: