Դատարկ տրիբունաները հասան Իսպանիա. «Վալենսիա» – «Ատալանտան»՝ առանց հանդիսականի

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Վալենսիա» – «Ատալանտա» պատասխան հանդիպումն անցկացնել առանց հանդիսականի: Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

«Վալենսիայի» ղեկավարությունն օրեր առաջ դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ տեղեկացնելով, որ չի ցանկանում ընդունել Իտալիայից ժամանող ֆուտբոլասերներին, որոնց թվում, հնարավոր է, լինեն կորոնավիրուսով վարակվածներ: Չմոռանանք, որ «Ատալանտան» ներկայացնում է Բերգամո քաղաքը, որը գտնվում է Լոմբարդիայում: Վերջին օրերի ընթացքում կորոնավիրուսի վարակման պատճառով Լոմբարդիայում ավելի քան 100 մարդ է մահացել:

«Վալենսիա» – «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում «Ատալանտան» հաղթել էր 4-1 հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի առաջնության մարտ ամսվա հանդիպումները ևս կանցկացվեն առանց հանդիսականի: