Ջենարո Գատուզոն ամփոփել է «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը (1:1):

«Մի փոքր հիասթափության զգացում կա, որ մեզ չհաջողվեց վերահսկել գնդակը: «Բարսելոնայի» դեմ խաղերում չի կարելի սխալվել:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու հարցը դեռ որոշված չէ, ժամանակ կունենանք պատրաստվելու պատասխան խաղին: Մեր պարտքն է գնալ այնտեղ ու խաղալ հաղթանակի համար: «Նապոլին» շատ ուժեղ ֆուտբոլիստներ ունի, բայց «Բարսելոնան» շատ ավելին ունի:

Այն ժամանակից ի վեր, երբ Սետյենը ժամանել է «Բարսելոնա», 5-6 ֆուտբոլիստ համակարգորեն գործում են հարձակման գծում, այլ ոչ թե միայն փոխանցում են գնդակը: Նրանք ստիպում են ավելի խորքից գործել , ու մենք պետք է այդպես խաղայինք:

Կարծում եմ, որ այսօր նրանք դժվարությամբ էին գոլային պահեր ստեղծում ու նրանք դժվարությամբ կատարեցին առաջին դիպուկ հարվածը դարպասին: Նրանք կարող էին խաղալ ամբողջ գիշեր ու միևնույն է գնդակ չհեղինակել, սակայն մենք գոլ ընդունեցինք միակ սխալից հետո», – իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: