Մեքսիկայում ֆուտբոլիստների եռանիշ համարները՝ սովորական երեւույթ (VIDEO)

Մենք սովորել ենք, որ ֆուտբոլիստների խաղային համարները լինում են միանիշ կամ երկնիշ՝ 1-ից 99-ի սահմաններում, սակայն ամենուր բացառություններ լինում են:

Մեքսիկայում ֆուտբոլիստները հանգիստ կարող են ընտրել եռանիշ համարներ: Օրինակ՝ ստորեւ տեղադրված տեսանյությում գեղեցիկ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը «Սանթոս Լագունայի» եւ Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ադրիան Լոսանոն հանդես է գալիս #191 համարի մարզաշապիկով:

Ֆուտբոլիստներից մյուսը՝ Էդսոն Ալվարեսը, ով անցած տարի պայմանագիր կնքեց Ամստերդամի «Այաքսի» հետ, իր նախկին թիմում՝ «Ամերիկայում» խաղում էր #282 համարի մարզաշապիկով: «Այաքսում» նա ընտրել է 4 համարի մարզաշապիկը:


Նման օրինակները շատ են. Դիեգո Բարբոսան (Ատլաս) #289-ն է, Կառլոս Ասեւեդոն (Սանթոս Լագունա)՝ #281-ը, Խորխե Սանչեսը (Սանթոս Լագունա)՝ #286-ը, Խերարդո Արտեագան (Սանթոս Լագունա)՝ #290-ը, Ֆրանցիսկո Ֆիգերոան (Պաչուկա)՝ #311-ը, իսկ Օմար Իսլասը (Պումաս)՝ #301-ը:

Այս ամենի պատճառը մեկն է: Մեքսիկայում թիմերից յուրաքանչյուրը պարտավոր է ունենալ U-20, U-19, U-17, U-15, U-13 եւ U-11 տարիքային խմբերի թիմեր եւ տեղի ֆուտբոլային կանոնադրության համաձայն, ֆուտբոլիստների համարներից եւ ոչ մեկը պետք է չկրկնվի տարիքային թիմերից եւ ոչ մեկում: Օրինակ, եթե թիմերից մեկի հիմնական կազմի դարպասապահն ընտրել է #1 համարի մարզաշապիկը, ապա այդ համարը իրավունք չունի օգտագործել նույնիսկ ամենացածր տարիքային թիմի դարպասապահը:

Որքան ցածր տարիքային թիմում է ֆուտբոլիստը՝ այնքան մեծ է նրա մարզաշապիկի համարը, սակայն նույն կանոնադրության համաձայն, տվյալ ֆուտբոլիստն իր եռանիշ համարը կարող է օգտագործել նույնիսկ ամենաբարձր թիմերում: Ընդհուպ, մինչ կարիերայի ավարտը: