«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Նորվիչին» հաղթելուց (3:1) հետո խոսել է լոնդոնյան ակումբում տիրող իրավիճակի մասին։
Մարտի 10-ին բրիտանական իշխանությունները պատժամիջոցների ցանկում ներառեցին լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին՝ սառեցնելով նրա բոլոր ակտիվները։ Ակումբը կշարունակի հանդիպումներ անցկացնել և վճարել հաշիվները սահմանված լիմիտների շրջանակում, սակայն չի կարողանա վաճառել տոմսեր ու ատրիբուտիկա։ Բացի այդ, «Չելսիին» արգելվում է ձեռք բերել նոր խաղացողներ և երկարաձգել գործող ֆուտբոլիստների հետ պայմանագրերը։
«Տեսնենք, թե արդյոք ամեն ինչ նույնը կմնա, չգիտեմ։ Ամեն օր մենք ինչ-որ նոր բան ենք վերապրում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի վաղը։
Բոլորը կարող են միանգամայն վստահ լինել, որ մենք կենտրոնացած ենք ինքներս մեզ վրա, մարզումների ժամանակ և թիմի նկատմամբ ճիշտ վերաբերմունք ու ճիշտ մտածելակերպ պահպանելու վրա։ Առայժմ մենք կարող ենք վստահել միմյանց, և դա չի փոխվի: Քանի դեռ բավականաչափ մարզաշապիկներ և ավտոբուս ունենք խաղերին գնալու համար, մենք դա կանենք և կպայքարենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։