«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու դժվարին որոշման մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը արգենտինացի ռմբարկուն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց կատալոնական ակումբ, սակայն տարեվերջին նա ստիպված եղավ ավարտել իր խաղային կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Ես կարծում էի, որ ունեմ ևս 2 տարի՝ ամենաբարձր մակարդակով խաղալու համար: Երբ ես առաջարկ ստացա «Բարսելոնայից», ես ոչ մի կասկած չունեի այդ տարբերակի վերաբերյալ։ Պատկերացնում էի, թե ինչպես եմ խաղալու Լեոյի հետ, ինչպես եմ հայտնվելու աշխարհի առաջնությունում։
Այն, ինչ կատարվեց իմ սրտի հետ, շատ տարօրինակ և անսպասելի էր։ Նրանք չգիտեն, թե դա ինչից է առաջացել, և ես կշարունակեմ հետաքննությունը՝ պարզելու համար իրականությունը։ Ընդմիշտ անհայտ կմնա՝ դա եղել է COVID-19-ի, թե պատվաստանյութի պատճառով: Այսօր ցանկանում եմ շարունակել ֆուտբոլ խաղալ, բայց վախենում եմ»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը: