Չավին գտնում է, որ «Բարսելոնային» բարձրակարգ կենտրոնական պաշտպան է անհրաժեշտ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության գիծը:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը տարված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու գաղափարով, սակայն Չավին կարծում է, որ արդյունքները բարելավելու համար պետք է բարձրակարգ կենտրոնական պաշտպանի հրավիրել:

42-ամյա մասնագետին շատ է դուր գալիս «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժյուլ Կունդեն։ Չավին կարծում է, որ ֆրանսիացին ապագա պաշտպանի կերպար ունի՝ իր հզորությամբ, տեխնիկայով և ունիվերսալությամբ:

Նշվում է, որ գործարքը դժվար կլինի իրականացնել։ «Սևիլիան» պաշտպանի համար պահանջում է 80 միլիոն եվրո։ Բացի այդ, 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև «Չելսին»:

Չնայած այդ ամենին՝ «Բարսելոնայում» համարում են, որ Կունդեն կընտրի կատալոնական ակումբը, եթե ակումբը ֆինանսական ռեսուրսներ ունենա գործարքն իրականացնելու համար։